Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից Բարդայի շրջանի ներքին վերաբնակները բողոքի ակցիա են կազմակերպել իրենց համար պետության կառուցած տները իշխանավորների կողմից վաճառվելու դեմ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով arqument.az լրատվական կայքը, նրանք փակել են Բարդա մտնող գլխավոր մայրուղին, ինչի հետեւանքով կիլոմետրերով խցանումներ են սկսվել: Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ են ժամանել ակցիայի անցկացման վայր:

 

 

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չինովնիկները վերաբնակներին վաճառում են տները, որոնք պետությունը անհատույց հատուկ կառուցել է իրենց համար, եւ իրենք դրանք պետք է ստանան անվճար: Նրանք հայտարարել են, որ այս անգամ բողոքելու են մինչեւ վերջ, եւ մինչեւ իրենց պահանջը չկատարվի, մայրուղին չեն բացելու: Ներկա դրությամբ ակցիան շարունակվում է: Ոստիկանությունը սկսել է միջամտել ակցիային: