Ադրբեջանում այսօրվա ընթացքում երեք բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, «Գալա» անվտանգության ծառայության ընկերության աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացրել Շաբրանում եւ Բաքվի Բալաջար ավանում: Շաբրանում ընկերության մոտ 90 աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել «Գալա»-ի մասնաճյուղի տնօրենի դեմ' պահանջելով վճարել իրենց հասանելիք աշխատավարձը:
Խաբված մոտ 400 ավանդատուներ հավաքվել են «Գալա»-ի Բինագադիի շրջանի Բալաջար ավանում գտնվող ընկերության գլխավոր գրասենյակի առաջ: Զայրացած ավանդատուները ընկերության ղեկավարությունից պահանջել են վերադարձնել իրենց փողերը:
Ակցիայի մասնակիցները դարձել են «Գալա» ընկերության ղեկավարության կողմից կազմակերպված խոշոր խարդախության զոհեր: Այն բանից հետո, երբ իմացել են, որ իրենց դեմ քրեական գործ է հարուցվել, ընկերության ղեկավար անձինք հունվարի 17-ին լքել են Ադրբեջանը:
Մեկ տարի առաջ Ադրբեջանում ստեղծված «Գալա» ընկերությունը, ներկա դրությամբ, 35 մասնաճյուղ ունի այդ երկրում: Խաբված քաղաքացիների թիվը հասնում է 5000-ի: Խաբեության սխեման հետեւյալն է. «Գալա»-ի ղեկավարությունը 2000-3000 մանաթի դիմաց քաղաքացիներին խոստացել է ընդունել բարձր աշխատավարձով աշխատանքի:
Այդ գումարն ընկերությունը պարտավորվել է որպես ավանդ դնել աշխատակցի հաշվին եւ տոկոսներ վճարել նրան: Բացի այդ, ընկերությունը խոստացել է հավելյալ տոկոսներ վճարել նաեւ լրացուցիչ ներգրավված նոր աշխատակցից: Մինչ այսօր «Գալա»-ն ոչ մի մարդ ու աշխատանքի չի տեղավորել:
Հայտնի է դարձել, որ այդ խարդախ ընկերության աշխատակիցների հիմնական կորիզը կազմում են Ադրբեջանի ուժային կառույցների' ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների նախկին աշխատակիցները:
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Բաքվի Սուրախանի շրջանի Հովսանա ավանում, որի ժամանակ 20-ամյա երիտասարդ է զոհվել: Բնակիչները հավաքվել են ավանի թիվ 118 դպրոցի բակում եւ պահանջել աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենին, ում մեղադրել են իրենց երեխաներին համար ցածր կրթական որակ ապահովելու մեջ:
Ակցիայի վայր ժամանած Հովսանայի դպրոցի տնօրեն Գարդաշխան Սալիմովը, վախենալով հավաքված ամբոխից, որոշել է փախչել միջադեպի վայրից: Նա իր մեքենան ուղղել է ակցիայի մասնակիցների վրա: Ակցիայի մասնակից Էլմար Ալիեւի մոտ էպիլեպսիայի նոպա է սկսվել, որի արդյունքում նա տեղում մահացել է:
Նշվում է, որ Էլմար Ալիեւը, ով տառապում էր էպիլեպսիայով, նոր էր վերադարձել բանակից: