Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան եւ Բաթումում հյուպատոսության դիմաց ի պաշտպանություն Բաքվում ձերբակաված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովայի այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, ակցիայի մասնակիցները ձեռքներին անգլերենով եւ ադրբեջաներենով «Ադրբեջանի կառավարություն, հարգիր մարդու իրավունքները», «Ազատությունը գազից կարեւոր է», «Ազատություն Խադիջա Իսմայիլովային» գրությամբ պաստառներ եւ ադրբեջանցի լրագրողուհու լուսանկարներ են բռնել:

 

Նման բողոքի ակցիա երեկ տեղի է ունեցել նաեւ Վաշինգտոնում:

Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել կապված «Ազադլըգ» ռադիոկայանի եւ «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւի «ինքնասպանության փորձի դրդելու» գործով: Եթե լրագրողուհուն մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում:

 

Փաստաբան Էլթոն Գուլիեւը լրագրողներին հայտարարել է, որ Խ.Իսմայիլովային մեղադրանք է առաջադրվել անհեթեթ մեղադրանքների հիման վրա, նրան ձերբակալալեու մասին դատարանի որոշումն անօրինական է եւ կապված է Իսմայիլովայի լրագրողական գործունեության հետ:

 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու է վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:

 

Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են նաեւ Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, «Ազատ Եվրոպա»/»Ազատություն» ռադիոկայանների կորպորացիայի գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, , Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իր ավապաշտպան կազմակերպություններ: