Թբիլիսիում ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց է կայացել: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջել են ճանաչել իր կատարած հանցագործությունը՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից, 1915-23թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին են միացել Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հասարակական կազմակերպությունները: Ցույցի մասնակիցներն արտահայտել են իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ և կոչ են արել հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատել են հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ են արել Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը: