Պրահայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալությունների դեմ բողոքի ակցիա է անցկացվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, ակցիան կազմակերպել է չեխական NESEHNUTI կազմակերպությունը: Մասնակիցները ձեռքներին բռնել են Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանների լուսանկարները եւ ջահեր, ինչպես նաեւ պարզել «Անազատությունն Ադրբեջանում այրում է մեզ» բովանդակությամբ պաստառ:
Ակցիայի մասնակիցները Ադրբեջանի իշխանություններից պահանջել են անհապաղ ազատ արձակել երկրում կալանավորված մոտ 100 իրավապաշտպաններին: «Մենք այրում ենք ադրբեջանական նավթը, բայց այդ երկրում անազատություններն այրում են մեզ», -հայտարարել է ակցիայի մասնակից Պետեր Տկաչը:
NESHNUTI-ին նաեւ Ադրբեջանի նախագահին ուղղված ստորագրահավաք է անցկացրել, որով նրան կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովին եւ Ինթիգամ Ալիեւին: Նրանք նաեւ կոչ են արել Եվրախորհրդարանի պատգամնավորներին' պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին ազատ արձակելու իրենց պահանջը:
Միջազգային կազմակերպությունների տվյալներով' Ադրբեջանում ներկայում 98 իրավապաշտպաններ կան ձերբակալված: