Մարդու իրավունքմների նորվեգական տան Թբիլիսիի բաժանմունքի ներկայացուցիչները Վրաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան առջեւ եւ Հեյդար Ալիեւի անվան զբոսայգում ակցիա են անցկացրել' ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, նրանք պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Ադրբեջանում: Ակցիայի մասնակիցները պահել են ձերբակալված իրավապաշտպանների' Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիեւի եւ այլոց անուններով պաստառներ եւ լուսանկարներ: Ակցիայի մասնակիցների ընդունած բանաձեւը հանձնվել է Ադրբեջանի դեսպանատուն:

 

«Թուրան»-ը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին Բեռլինում պետք է Ադրբեջանում «խղճի բանտարկյալների» պաշտպանության եւ մարդու իրավունքների վիճակի վատացման հետ կապված բողոքի ակցիա անցկացվի:

 

Ակցիան կազմակերպում է «Եվրոպայում ժողովրդավարության պաշտպանության ալյանս»-ը: Այն տեղի կունենա Բունդեսթագի շենքի առջեւ: Այդ առնչությամբ Facebook-ում «Բարձրացնենք մեր ձայնը» խումբ է (https://www.facebook.com/events/714986891923409/) ստեղծվել, որը հանրահավաքին մասնակցության կոչ է անում:

 

Ակցիայի նպատակը եվրոպացի քաղաքական գործիչներին եւ Գերմանիայի պատգամավորներին Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ ծանոթացնելն է եւ պահանջելը, որ եվրոպացիներ ադրբեջանական իշխանություններին խղճի բանտարկյալներին ազատ արձակելու կոչ անեն: Ակցիայի արդյունքներով ենթադրվում է բանաձեւի ընդունում եւ հանդիպում գերմանացի քաղաքական գործիչների հետ:

 

Ենթադրվում է, որ ակցիային մասնակիցներ կգան Շվեդիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից եւ եվորապական այլ երկրներից: