Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բողոքի ակցիա է տեղի ունեցել Եվրոպաբնակ թուրքերի միության սետղծման 10-ամյա տարելիցի կապակցությամբ այդտեղ ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ակցիան կազմակերպել են Ավստրիայի քրդական կազմակերպությունների ֆեդերացիան (FEY-KOM), ալեւիական միությունների ֆեդերացիան եւ Ավստրիայի հայկական կոմիտեն: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Pratern հրապարակում եւ բոյկոտել Էրդողանի այցը Վիեննա:

 

Ակցիային մեծ թվով ավստրիացիներ են մասնակցել: Մասնակիցները պաստառներ են պարզել, որոնցում Էրդողանը պատկերված է եղել Հիտլերի նման: Ցուցարարները բռնել են նաեւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, Ավստրիայի եւ Հայաստանի դրոշները: Նրանք Pratern հրապարակից քայլերով շարժվել են դեպի Albert Shultz Hall, որտեղ Էրդողանը մասնակցում էր եվրոպացի թուրքերի միության միջոցառմանը:

 

Ուշագրավ է, որ ավստրիաբնակ իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն այս անգամ խուսափել է սադրիչ արտահայտություններից, ինչպես դա արել էր Գերմանիայում: Նա եվրոպաբնակ թուրքերին ուղղված իր խոսքում հորդորել է նրանց ինտեգրվել Եվրոպային, սակայն, չձուլվել եւ պահպանել թուրքական ինքնությունը (Գերմանիայում անցյալ տարի նման մի հանդիպման ժամանակ Էրդողանը թուրքերին հորդորել էր չձուլվելով ինտեգրվել Գերմանիային, բարձր պաշտոններ զաբղեցնել եւ աշխատել Թուրքիայի օգտին):

 

Էրդողանը հայերանկիցներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա նախագահական ընտրություններին եւ համոզմունք հայտնել, որ նրանք իրենց ձայները կտան իր գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուին:

 

Էրդողանի Վիեննա կատարելիք այցից առաջ Ավստրիայի 28-ամյա արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կրուզը Osterreich թերթին տված հարցազրույցում բացահայտ կերպով նրան զգուշացրել էր, որ չի կարող մասնատել ավստրիական հասարակությանը եւ ասել, թե նա ինչպես պետք է խոսի իր հայրենակիցների հետ առաջիկա օրերին Ավստրիա կատարելիք այցի ժամանակ: «Բացահայտ կերպով զգուշացնում եմ Էրդողանին, որ չի կարող մասնատել ավստրիական հասարակությանը: Ինտեգրացիան զգայուն խնդիր է: Սխալ խոսքը մեզ հետ է տանում եւ թունավորում մթնոլորտը: Էրդողանի պատասխանատվությունը կայանում է նրա նում, որ այստեղի թուրքերին խորհուրդ տա սովորել գերմաներեն եւ հավատարիմ լինել Ավստրիային: Իսկ եթե նա խոսի այնպես, ինչպես Գերմանիայում էր խոսել, դա միայն կվնասի ավստրիաբնակ թուրքերին», -ասել էր նա:

 

Էրդողանը մարտի սկզբին Քյոլն կատարած այցին Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպման ժամանակ բացահայտ կերպով զբաղվել էր օգոստոսին Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու քարոզչությամբ: Իսկ անցյալ տարի պաշտոնական այցով Գերմանիա կատարած այցին գերմանաբնակ թուրքերին խորհուրդ էր տվել օգտվել գերմանական արժեքներից, չձուլվելով ինտեգրվել գերմանական հասարակությանը, բայց աշխատել Թուրքիայի օգտին: