Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոստովանել է, որ պատրաստ էր հրաժարական տալ իր վրա գործադրվող ճնշման պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Որոշակի փուլում ես պատրաստ էի հրաժարական տալ… Ինձ վրա ճնշում է գործադրվում արդեն մի ամբողջ տարի, եւ դա կուլիսային գործընթաց չէ: Դա բացահայտ քննադատություն է իմ հասցեին, բայց այժմ ես հանգիստ եմ նայում դրան»,- հայտարարել է Մարգվելաշվիլին մարտի 31-ի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
Ընդսմին Վրաստանի նախագահը նշել է, որ քաղաքական գործիչները մոռանում են, որ ինքը որեւէ կուսակցության անդամ չէ:
«Հաճախ քաղաքական գործիչների հայտարարություններն անցնում են սահմանը, եւ նրանք չափազանց նախանձախնդրորեն են վերաբերվում իմ հայտարարություններին, մինչդեռ ես ոչ թե մեկ կուսակցության, այլ բոլորի նախագահն եմ»,- նշել է Մարգվելաշվիլին:
Վերջին ժամանակներս Վրաստանի նախագահի եւ կառավարության փոխհարաբերությունները սրվել են, եւ այդ սրումն առավել ակնհայտ է դարձել մարտի 31-ին Վրաստանի խորհրդարանում պետության ղեկավարի ելույթի ժամանակ, երբ նիստերի դահլիճում ներկա չէին Վրաստանի կառավարության անդամները:
Մարգվելաշվիլին նաեւ քանիցս քննադատության է ենթարկվել «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի եւ նրա քաղաքական զինակիցների կողմից: