Ադրբեջանը պատրաստվում է առանց նավթի ծանր օրերի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը հայտարարել է, որ եկող տարվանից կառավարությունը վերանայելու է պետական բյուջեում նախատեսված նավթի գները եւ այն սահմանելու մեկ բարելի դիմաց 50 դոլար:

 

 

«Ֆինանսական խոշոր ինստիտուտները նավթի գինը կանխատեսում են 50-55 դոլարի մակարդակի: Մեր կանխատեսումը եւս 50-55 դոլար է», -ասել է նա:

 

 

Ներկայում Ադրբեջանի պետբյուջեում նավթի գինը նկատի է առնված մեկ բարելի դիմաց 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է: Վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի ազգային արժույթ մանաթը մոտ 34 տոկոսով արժեզրկվել է:

 

 

Բազմաթիվ փորձագետներ կանխատեսում են, որ առաջիկայում նավթի գինը մեկ բարելի դիմաց ընկնելու է մինչեւ 20 դոլար մակարդակի:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: