Նավթի համաշխարհային գները կարող են նվազել մինչև 20 դոլար 1 բարելի դիմաց' Պարսից ծոցի երկրների և թերթաքարային նավթի ամերիկյան մատակարարների շարունակվող հակամարտության ֆոնին: The Times թերթը հաղորդում է, որ դա կլինի նավթի ամենացածր գինը վերջին 20 տարիների ընթացքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The Times-ը, տարվա սկզբից ամերիկյան Nymex ֆյուչերսային բորսայում WTI տեսակի նավթի' մատակարարումների ֆյուչերսային գործարքների և օպցիոնների ընդհանուր ծավալը 1 բարելի դիմաց 20 դոլար գնով զրոյին մոտ նիշից մինչև հիմա բարձրացել է մինչև 13 մլն բարել:

 

Դրա մասին են վկայում բորսայի տվյալները: Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես են վերջին ամսում նվազել նավթի ֆյուչերսային պայմանագրերի գները, եզրակացնում է պարբերականը: Հունվարի 13-ին Brent ապրանքանիշի նավթն էժանացել է մինչև 45,19 դոլար' 1 բարելի դիմաց' գրանցելով հակառեկորդ վերջին 6 տարիների ընթացքում:

 

Հոդվածագիրը հիշեցնում է, որ WTI տեսակի նավթի գինը 2013 թվականի հուլիսին գերազանցել է Brent տեսակի գնին: Վերլուծաբանների կարծիքով' Brent տեսակի նավթի գնանկումը վկայում է Եվրոպայի տնտեսության թուլացման մասին:

 

Հունվարի 12-ին Goldman Sachs բանկը կանխատեսել էր նավթի գնի հետագա նվազում: Բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ Brent տեսակի նավթի միջին գինը 2015 թվականին կկազմի միջինում 50,4 դոլար, իսկ 2016 թվականին' 70 դոլար: Ամերիկյան WTI տեսակի նավթը, համաձայն , Goldman Sachs-ի կանխատեսման, կարժենա միջինում 47,1 դոլար' 2015 թվականին, և 65 դոլար' 2016 թվականի ընթացքում: