Ճապոնիայի Denka Seiken ընկերության և Հոկայդոյի համալսարանի գիտնականների մշակած պատրաստուկը կարող է 15 րոպեում հայտնաբերել Էբոլա վիրուսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Այն ստեղծվել է գրիպի ախտորոշման պատրաստուկի հիման վրա, որը թողարկում է ընկերությունը: Պատրաստուկով ախտորոշման հավաքանին տեղավորվում է ձեռքի ափում, հեշտությամբ տեղափոխվում է և էլեկտրաէներգիայի աղբյուր չի պահանջում: Հոկայդոյի համալսարանի կենդանախտային վարակների հետազոտությունների կենտրոնի գիտնականները պատրաստուկի հաջող փորձարկումներ են կատարել կապկի՝ Էբոլա վիրուսով վարակված արյան շիճուկով: Մոտ ժամանակներս այն ստուգում կանցնի մարդու արյան շիճուկով: Գիտնականները նշում են, որ վաղ ախտորոշումը կկանխի վիրուսի տարածումը:

 

 

«Վաղ փուլում վարակի հայտնաբերումը թույլ կտա ավելի շուտ ձեռնամուխ լինել բուժման և կկանխի հիվանդության տարածումը: Մենք շարունակում ենք հետազոտությունները, որպեսզի հնարավորինս շուտ սկսենք դրա լայն կիրառությունը»,- Հոկայդոյի համալսարանի պրոֆեսոր Այատո Տակադուի խոսքը մեջբերում է Կիոդո գործակալությունը:

 

 

Ներկայում, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Էբոլա վիրուսի ախտորոշումը ժամանակակից լաբորատորիաներում պահանջում է առնվազն մի քանի ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ ընդամենն աշխարհում Էբոլա տենդով հիվադացել է 25 հազար մարդ, նրանցից 10 հազարը մահացել են: