Երևանում ընթանում է ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015»-ը, որին մասնակցում են շուրջ 100 ռուսական հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Մենք ունենք ավելի քան 400 ընկերություն և 11 հազար աշխատակիցներ տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում: Այն դինամիկ ճյուղ է ու ապահովում է տարեկան մոտ 10 տոկոսի աճ: Մենք ունենք շուրջ 150 միլիոն դոլարի արտահանում: Իհարկե, արտադրողականությամբ առաջատար են Հայաստանում գործող արտասահմանյան ընկերությունները, բայց հայկական ընկերությունները ևս ձգտում են այդ մակարդակին»,-հայտնեց Վաչե Գաբրիելյանը:

 

Նրա խոսքով' ոլորտի արագընթաց զարգացումը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը, որի վկայությունն էլ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններն են: Դրանք հարկային արտոնություններ են ընձեռում ՏՏ սկսնակ ընկերություններին: «Նոր օրենսդրությամբ տվեցինք բավականին արտանություններ ստարտափերին, մասնավորապես գոյության առաջին երեք տարիներին մենք ազատում ենք նրանց հարկերից, իսկ եկամտահարկը նրանք վճարում են կիսով չափ: Մենք աշխատում ենք հարկային ու մաքսային հարցերը պարզեցնել և ստեղծել բիզնես միջավայր, որը խթանում է նրանց գործունեությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց փոխվարչապետը:

 

Եվս մեկ անգամ ընդգծելով ոլորտի նկատմամբ պետական մեծ հետաքրքրությունը' Վաչե Գաբրիելյանը շեշտեց, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործում է ՏՏ գործարարության զարգացման հարցերով զբաղվող հատուկ խորհուրդը, որը մշապես տեղեկացվում է առկա խնդիրների մասին ու փորձում լուծումներ տալ դրանց:

 

Փոխվարչապետը հավաստիացրեց, որ Հայաստանը խիստ հետաքրքրված է այստեղ ռուսական ընկերությունների գործունեությամբ, մասանավորապես, ՏՏ ճյուղը ներկայացնողների: «Հուսով եմ, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը դրա համար խթան կհանդիսանա: Մենք ունենք այդպիսի դեպքեր, երբ, օգտվելով Հայաստանի գրավչությունից, ռուսական կապիտիալի հոսքերը մեծանում են այստեղ, մասավորապես, կարող եմ բերել «Ռուսալ Արմենալ» ընկերության օրինակը, որը «Ռուսալ» ընկերության դուստր կազմակեպությունն է: Այդ ընկերությունը վաղուց գործում է Հայա ստանում ու ներկայում իր ապրանքն արտահանում Եվրոպա ավելի լավ պայմաններում, քան ռուսական իր գործընկերները: Քանի որ մենք ունենք GSP+ արտոնյալ ռեժիմը Եվրամիության հետ, որը Ռուսաստանում այս պահին բացակայում է»,-հայտնեց Վաչե Գաբրիելյանը:

 

Փոխվարչապետը ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի հայ-ռուսական համագործակցությունը ՏՏ ոլորտում խորանա:

 

«ՏՏ գագաթաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Ռուսաստանի Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության (ԱՊԿԻՏ) հետ: Համաժողովը յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին կազմակերպվում է ԱՊՀ տարածաշրջանի երկրներից որևէ մեկում: