Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ապրիլի 2-ին Մեծ եղեռնի ոգեկոչման վահանակներ են տեղադրվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեևի ամբողջ տարածքում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Ֆեյսբուք սոցիալական ցանցում նման գրառում է կատարել սոցցանցի օգտատեր Արման Աբովյանը: Վահանակների վրա պատկերված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը և կարգախոսը' «Հիշում եմ և պահանջում», ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

 

Ուկրաինայի հայ համայնքին ուղղված գրառման մեջ ֆեյսբուքյան օգտատերը, մասնավորապես, գրում է. «Այսօր ամբողջ քաղաքում նման վահանակներ են տեղադրել: Եվ դա արել են մերոնք: Չնայած քաղաքական արկածախնդրություններին, Ուկրաինայում տիրող բարդ իրադրությանը, թյուրքերի և ադրբեջանցիների հավանական վայնասունին, մերոնք պարզապես վերցրեցին ու արեցին դա: Ճանաչելով ձեզ'գիտեմ, որ սա միայն սկիզբն է...Թեկուզ Ուկրաինայի պաշտոնական իշխանություններն իրենց մեջ քաջություն չգտան իրավականորեն ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, դուք չեք հապաղում, անում եք այն, ինչ ձեր խիղճն ու պատիվն են թելադրում»: