Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 2-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձել են Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս հարցերի շուրջ ելույթով է հանդես եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

 

Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը։

 

Նիստին Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացումը։

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

 

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին հրավիրված է եղել և ելույթ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը։ Նիստին մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։

 

Նախարարները որոշել են 2015թ. ՀԱՊԿ անունից կատարվելիք հայտարարությունների տասը թեմաները, որոնցից երեքը՝ Հայաստանի նախաձեռնությամբ։ Նախարարները Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ընդունել են համատեղ հայտարարություն։