Սյունիքի մարզում տեղի է ունեցել գրող, հրապարակախոս, ՀՀ պետական, քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նվիրատվությամբ և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի նախաձեռնությամբ տեղադրված պղնձաձույլ կիսանդրու հեղինակը երիտասարդ քանդակագործ Ն. Օրդյանն է: Բացման արարողությանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանի եղբայր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, ՀՀԿ, ԵԿՄ ներկայացուցիչնե ր, պատանի երկրապահներ, քաղաքացիներ, հյուրեր:
Կիսանդրու բացումը կատարել են Սուրիկ Խաչատրյանը, Արմեն Սարգսյանը, Ա. Հայարապետյանը, որից հետո Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանն անցկացրել է հոգեհանգստի արարողություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ, ԵԿՄ-ի Սյունիքի մասնաճյուղի նախագահ Սուրիկ Խաչատրյանը հանդես է եկել բացման խոսքով. «Հայոց անկախ պետության կերտման բախտորոշ ժամանակաշրջանը ծնել է իր հերոսին. Արցախյան գոյամարտի տարիներին իր ողջ մեծութամբ ու հերոսական կերպարով վեր խոյացավ Վազգեն Սարգսյանը:
Անգնահատաելի է Վազգեն Սարգսյանի դերն ու ավանդը նորակառույց հայկական պետականության, Հայաստանի զինված ուժերի ու հայոց բանակի կայացման գործում և Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտ ի ամրապնդման մեջ: Հայաստանի գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս Վազգեն Սարգսյանը շարժման առաջին իսկ օրերից ազատամարտիկների առաջին շարքերում էր: Սպարապետը կամավորական բոլոր ջոկատների հրամանատարն էր, վայելում էր անառարկելի հեղինակություն, և նա էր ղեկավարում հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու ազգանվեր գործը»,- ասել է Սուրիկ Խաչատրյանը:
Սպարապետի վառ անհատականության, կատարած հերոսական գործերի, ազգանվեր կյանքի մասին ելույթներով են հանդես եկել ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ պրոռեկտոր Ա. Մալխասյանը, ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նախագահ Ռ. Սարգսյանը, ԵԿՄ Կապանի բաժանմունքի նախագահ Մ.Օհանյանը, Կապանի զինկոմ Լ. Գրիգորյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին սպարապետի եղբայր Ա. Սարգսյանը նշել է. «Ինձ համար միայն պատիվ է, վեհություն եմ զգում, որ ինձ է բախտ վիճակվել լինել Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը, ում նա սիրել է: Այսօր ես հպարտությունից խեղդվում եմ, առավել ևս, որ այդս գեղեցիկ կիսանդրին տեղադրվեց Սյունյաց աշխարհում: Սյունիքում սպասելի էր: Ես շատ լավ հիշում եմ, որ Սյունիքում այս կիսանդրու տեղադրումը դեռ տարիներ առաջ էր նախատեսված, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, բայց հիմա կատարվեց:
Մարդիկ կատարեցին այս հրաշք գործը, տեղադրեցին կիսանդրին, առավել ևս Սյունիքում, Զանգեզուրի տարածաշրջանում, որտեղ Վազգենը պետական և զինվորական առումով մեծ լումա ունի ներդրած: Ինձ համար միայն հպարտություն է այսօր գտնվել այստեղ: Փառք ու պատիվ մեր բանակին, փառք ու պատիվ մեր այսօրվա ղեկավարությանը, որ հիշում և պահպանում են պետական, բանակաշինության արժեքները, որոնց մեջ, կարծում եմ, Վազգենը քիչ լումա չունի»: