Սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Դանիելյանի հաղթանակից հետո՝ Հայաստանի օրհներգի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասովի զրկվել է մեդալից:
Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը Ջեյհուն Մամեդովը հայտարարել է, որ մարզիկն արդեն զրկվել է աշխարհի գավաթի բրոնզե մեդալից և նրա անունը հանված է մրցաշարի մեդալակիրների ցանկից: Մարզիկին սպասվում է նաև 2-3 տարի որակազրկում. տեղեկացնում է azerisport.com-ը:
Ադրբեջանցի մարզիկի պահվածքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի սամբոյի ֆեդրեացիան.
«Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունն ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որևէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու և մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի և ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու և «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում, ինչն անընդունելի է ոչ միայն մեր, այլև միջազգային մարզական հանրության կողմից, ուստի պահանջում ենք ոչ միայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մարզիկի հանդեպ խիստ պատժի անհապաղ կիրառում, այլև՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը՝ կատարվածին գնահատական տալու և ներողություն խնդրելու մասին»: