Եվրասիական տնտեսական միության տարածքում մոտակա 5 տարիներին իրատեսական չէ միասնական արժույթի ձևավորումը' օբյեկտիվ հանգամանքներից ելնելով:

 

Այս մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԵԱՏՀ նախարար, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմանովը: Նրա կարծիքով' եթե այժմ որոշում էլ կայացվի նման արժույթ ստեղծելու մասին, ապա դրա իրականացման համար 5 տարին էլ բավարար չի լինի:

 

«5 տարին այն ժամկետը չէ, որ ստեղծվի ընդհանուր արժույթ և արժութային միություն: Սակայն որոշումն էլ դեռևս կայացված չէ, պարզապես նախագահների մեջ կա պայմանավորվածություն, որ ռուսական կողմն ուսումնասիրի հետագայում արժութային միության ստեղծման հնարավորությունը և հավանականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Սուլեյմանովը:

 

ԵԱՏՀ նախարարը լրագրողներին հայտնեց, որ ռուս փորձագետներն ու ՌԴ կենտրանական բանկի ներկայացուցիչները ներկայումս ուսումնասիրում են կողմ և դեմ հանգամանքները, որ հետագանում առաջարկություն ներկայացնեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Եթե նա իրատեսական համարի փորձագետների առաջարկը, ապա կներկայացնի մյուս նախագահներին: Մեզ մոտ բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, դրա համար յուրաքաչյուր երկիր պետք է ասի' ինքը կարո՞ղ է շարժվել այդ ուղղությամբ, թե ոչ»,- ասաց նա:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները Երևանում են' անցկացնելու ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին քննարկվում են ֆինանսական ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման ծրագրի ևֆինանսական շուկաներում գործունեության իրականացման պահանջների մասին համաձայնագրի, ինչպես նաև այլ հարցեր: