Անկարայի արդյունաբերական պալատի ղեկավար Նուրեթին Օզդեբիրը, հենվելով սեփական հաշվարկների արդյունքների վրա, հայտարարել է, որ մարտի 31-ին ամբողջ Թուրքիայում հոսանքազրկման պատճառով մեկ ժամում երկիրը 100 մլն դոլարի վնաս է կրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը, Օզդեբիրն ասել է, որ հոսանքազրկումից ամենաշատը տուժել է երկրի արդյունաբերական հատվածը:
«Հոսանքազրկման պատճառով էլեկտրաէներգիայի արտադրություն չունեցող արդյունաբերական կենտրոններում բոլոր գործարանների աշխատանքը խափանվել էր, ինչն էլ բերել է նման ահռելի կորուստների», -ասել է փորձագետը:
Մարտի 31-ի առավոտյան ժամերին Թուրքիայի 81 նահանգներից 79-ը հոսանքազրկվել էր: Չէին հոսանքազրկվել միայն Վանի եւ Հաքքարիի նահանգները, քանի որ այդ տարածաշրջանները հոսանքով ապահովում է Իրանը: