Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ քննարկվել են ապրիլի 11-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների պետերը, ինչպես նաև մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցների ղեկավարները:
Ըստ նախապես կազմված ցանկերի և ժամանակացույցների' նախ հստակեցվել են վարչական շրջանների այն տարածքները, որոնցում, մարդկային ռեսուրսներից զատ, կգործարկվի նաև մասնագիտացված տեխնիկա: Զեկուցվել է, որ կուտակված աղբը աղբավայրեր տեղափոխելու հարցում տեխնիկական աջակցություն կապահովեն նաև շինարարական և կենսապահովման բնագավառի գործընկեր կառույցները: Շաբաթօրյակին և ծառատունկին ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող ՀԿ-ները, պետական և մասնավոր ընկերությունները: Հանձնարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ապահովել համապատասխան գործիքներով ու պարագաներով, իսկ ծառատունկի մասնակիցներին' նաև տնկիներով:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ապրիլի 8-ին արդեն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին բաշխված կլինեն անհրաժեշտ քանակի տնկիներ: Մեկ անգամ ևս հիշեցնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է ծառատունկի համար առանձնացնել բացառապես ոռոգելի տարածքներ: