Երևանում հոկտեմբերի 25-26-ը կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով միջազգային գիտաժողովը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, գիտական համաժողովը նվիրված է վարչական շրջանների բն ապահպանական վիճակի հետազոտմանը: Կքննարկվեն նոր մոտեցումներ, որոնք աջակցում կամ պատասխանում են արդեն գոյություն ունեցող կամ հեռանկարային խնդիրների կամ կիրառությունների արդյունավետությանը:
Տարբեր երկրներից ժամանած գիտնականները կներկայացնեն աշխատանքներ հետևյալ բնագավառներից՝ շրջակա միջավայրի բնապահապանություն և վերահսկում, շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտման հայտնաբերում, վերամշակմամբ աղտոտիչներից օգտակար արգասիքների ստացում, արտակարգ իրավիճակներում որակական և քանակական բնապահպանական պետական գնահատում և այլն։
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը, Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։