20-րդ դարի սկզբին ֆիզիկայում երկու խոշոր հայտնագործություններ կատարվեցին' Ալբերտ Էյնշտեյնն ստեղծեց հարաբերականության հատուկ և ընդհանուր տեսությունները (այս երկուսից երկրորդը նաև կոչվում է գրավիտացիայի տեսություն, ինչը հարաբերականության ընդհանուր տեսության հոմանիշ է), մյուսը՝ քվանտային ֆիզիկան, որը ձևակերպվեց Վերներ Հայզենբերգի ու Էրվին Շրյոդինգերի կողմից, իսկ դրա սկզբնավորումը սերտորեն կապված է Մաքս Պլանկի, Ալբերտ Էյնշտեյնի ու Նիլս Բորի անունների հետ։
Քվանտային ֆիզիկայի հիմնական արդյունքներից մեկն այն է, որ էներգիան ճառագայթվում և կլանվում է բաժիններով՝ քվանտներով, և ըստ այդմ ֆիզիկական համակարգերի էներգիական մակարդակները և մի շարք այլ պարամետրեր ոչ թե անընդհատ են փոխվում, այլ ընդունում են ընդհատ (դիսկրետ) արժեքներ։
Աշխարհի դասական' Նյուտոնյան նկարագրությանը փոխարինման եկան քվանտային պատկերացումները։ Ենթադրվեց, որ ցանկացած ֆիզիկական տեսություն պետք է քվանտացվի։ Առաջինը մեխանիկան միավորվեց քվանտային տեսության հետ ու դարձավ միասնական քվանտային մեխանիկա, ապա' էլեկտրամագնիսականությունը, այսինքն կառուցվեց էլեկտրամագնիսական դաշտի քվանտային տեսություն, հետո' թույլ փոխազդեցությունը և ուժեղը, այս միավորումը կոչվեց Ստանդարտ Մոդել։ Սակայն գրավիտացիան չհաջողվեց միավորել մյուս փոխազդեցությունների հետ։ Այս հարցն առ այսօր մնացել է բաց. քվանտային տեսության և հարաբերականության ընդհանուր տեսության միավորումը հանդիսանում է ժամանակակից ֆիզիկայի գլխավոր խնդիրներից մեկը։ Դրա վրա աշխատել ու աշխատում են շատ ֆիզիկոսներ, Էյնշտեյնն այդպես էլ մահացավ այդ խնդրի վրա աշխատելով...
Սեպտեմբերի 24-ից 26-ը ԵՊՀ-ի Հյուրերի տանը տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված սև խոռոչների ֆիզիկայի քվանտային հարցերին: Այն անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի NET68 տարածաշրջանային ցանցի շրջանակում։ Հանդիպումը միջազգային բնույթ էր կրում։ Մասնակցում էին գիտնականներ Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Բրաիզլիայից, Կորեայից, Ռուսաստանից, Թայլանդից, Չինաստանից:
Մասնակիցների թվում կային մեծ թվով հանրաճանաչ տեսաբան-ֆիզիկոսներ, օրինակ, Մոհամմադ Մեհդի Շեյխ-Ջաբբարին (ICTP, Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն, Տրիեստ, Իտալիա, Հիմնարար գիտությունների հետազոտությունների ինստիտուտ, Թեհրան, Իրան), Յան դե Բոերը (Ամստերդամի համալսարան, Հոլանդիա), Ֆինն Լարսենը (Միչիգանի համալսարան, Անն Արբոր, ԱՄՆ), Ռուբեն Մինասյանը (Սակլե, Ֆրանսիա), ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ տարբեր երկրներից' Մոնիկա Գուիկան (Փենսիլվանիայի համալսարան, Ֆիլադելֆիա, ԱՄՆ), Չեթան Կրիշնանը (Գիտության ինստիտուտ, Բանգալոր, Հնդկաստան) և շատ ուրիշներ:
Գիտաժողովի կազմակերպչական խմբի անդամներից՝ ֆիզմաթ. գիտ. թեկնածու Վահագն Եղիկյանի հետ հարցազրույցի արդյունքում ստացա գիտաժողովի վերաբերյալ շատ հարցերի պատասխաններ։
Վահագն, գիտաժողովը վերաբերում էր սև խոռոչներին։ Կասե՞ք, թե ինչ բան է դա։
Դա տարածության այնպիսի տիրույթ է, որտեղից դուրս գալ չի կարող ոչինչ, այդ թվում նաև լույսը։ Սև խոռոչը հանդիսանում է Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսության տարօրինակ լուծում, այսինքն՝ այնպիսի լուծում, ըստ որի՝ գոյություն ունի, այսպես կոչված, իրադարձությունների հորիզոն՝ այնպիսի մի սահման, որից այն կողմ գտնվող որևէ մարմին չի կարող դուրս գալ այդ տիրույթից, այսինքն՝ այնտեղ գործում է գրավիտացիայի այնպիսի հզոր դաշտ, որ անգամ լույսի մասնիկները չեն կարող հեռանալ։
Նման օբյեկտներ տիեզերքում հայտնաբերվա՞ծ են։
Առայժմ այդպիսի օբյեկտների գոյության վերջնական ապացույցներ չկան։ Այդ օբյեկտներն ուղիղ տեսանելի չեն, նրանց գոյության մասին կարելի է դատել միայն կողմնակի ճանապարհով՝ օրինակ, ելնելով այն ազդեցությունից, որ այդ օբյեկտները գործում են իրենց շրջապատող տիեզերական այլ օբյեկտների վրա։
Շարունակությունն` այստեղ: