Իսլամական հեղափոխությունը կերտել է ոչ միայն Իրանի վերջին տասնամյակների պատմությունը, այլև լրջագույն դերակատարություն ունեցել իսլամական աշխարհում և Մերձավոր Արևելքում: Այն չափազանց կարևոր քաղաքական, մշակութային երևույթ էր, որը լայն ազդեցություն է թողել Իրանի ներքին, արտաքին, մշակութային, կրթական, գիտատեխնիկական կյանքում:

Աայս մասին Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին նվիրված քննարկմանն ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչՎարդան Ոսկանյանը: Միջոցառումն անցկացվեց փետրվարի 9-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում:

 

«Այդ հեղափոխությունը որոշակիորեն ազդեց նաև հայ-իրանական հարաբերությունների վրա: Իրանը մեր հարավային հարևանն է, հետևաբար, այնտեղ կատարվող յուրաքանչյուր գործընթաց հետաքրքիր և կարևոր է Հայաստանի համար»,-նշեց ամբիոնի վարիչը:

Նա ընդգծեց`լինելով հզոր պետություն, ունենալով հարուստ մշակույթ և քաղաքակրթություն, Իրանն այն բացառիկ երկրներից է, որի առօրյա օրակարգում առաջնային է հանդուրժողականությունը: Դրա վկան է Իրանի խոշորագույն հայ համայնքը և այլ էթնիկ խմբեր, որոնք մեծ դեր են խաղացել Իսլամական հեղափոխության ընթացքում: «Այդ տարիներին անմիջապես հաջորդած  և Իրանին պարտադրված անարդարացի պատերազմում հայ համայնքն ունեցավ  բազմաթիվ զոհեր. գուցե դա էլ դեր խաղաց, որ այսօր հայ-իրանական հարաբերություններն ունենան բարձր մակարդակ: Հայաստանն ու Իրանը պատմական տարբեր` բարեկամության, եղբայրության և այլ փուլեր են անցել, և Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր հստակ, համակարգված հարաբերություններ է կառուցում նորանկախ Հայաստանի հետ»,- ասաց Ոսկանյանը:

Անդրադառնալով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի գործունեությանը`վարիչը նշեց, որ այն ուշագրավ դերակատարություն ունի Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, քանի որ իրականացնում է ոչ միայն կրթական, այլև մշակութային դեսպանի առաքելություն:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարի խոսքով` աշխարհում բազաթիվ հեղափոխություններ են եղել, սակայն կոնկրետ երկրում և տարածաշրջանում ճակատագրական նշանակություն են ունեցել Ֆրանսիական, Հոկտեմբերյան և Իսլամական հեղափոխությունները:

«Վերջինս ազդեցություն է ունեցել նաև Մերձավոր Արևելքի վրա, հատկապես արաբական երկրներում: Իսլամական հեղափոխության արձագանքների վախից որոշ պետություններ, այդ թվում և Սաուդյան Արաբիան, ձգտում էր սեփական երկրում առկա հեղափոխական ալիքն ուղղորդել դեպի Աֆղանստան, որտեղ հեղափոխականներն իրենց էներգիան ներուժը կպարպեին Խորհրդային ուժերի դեմ պայքարում: Սա էլ, ըստ էության, Իսլամական հեղափոխության կարևոր առանձնահատկություններից է, դրա տարածաշրջանային արձագանքներ ունենալու հանգամանքը»,-շեշտեց նա:

 

Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին մեջբերում արեց եգիպտական մամուլում հրատարակված հոդվածից: Հոդվածում գրված է, որ իրանցիները, ի տարբերություն եգիպտացիների, ընտրել են հեղափոխության, դիմադրության, սեփական տնտեսությունը, մշակույթը զարգացնելու ճանապարհը:

«Իրանը վերածվել է համաշխարհային գերտերության, առանց որի շահերը և դիրքորոշումը հաշվի առնելու որևէ խնդիր լուծելն անհնար կլինի: Դրա վառ ապացույցն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում թեկնածուներն իրենց բանավեճերի ընթացքում 64 անգամ օգտագործել են «Իրան» բառը: Իրանը լուրջ արդյունքներ է գրանցել նաև գիտատեխնիկական առաջընթացի հարցում: Այն խոշորագույն չորս պետությունների շարքում է, որոնք ունեն հրթիռայհն ծրագիր»,-նշված է հոդվածում:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան նաև Արմեն Իսրայելյանը, Նունիկ Դարբինյանը, Մահմուդ Ջենեյդի Ջաֆարը, Ահարոն Վարդանյանը, Զեյնաբ Նովռուզին, Մոհամմադ Նասիրին: