Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման նպատակներից է կրոնական և ոչ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հուշարձանների ճիշտ կառավարման գործում համագործակցության ուղիներ գտնելը:
Միջոցառումը մեկնարկեց ապրիլի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Հանդիպման թեման վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված կրոնական հուշարձանների կայուն կառավարմանը: Ցանկանում ենք, որ տարբեր կրոնական և աշխարհիկ կազմակերպությունների մասնագետները համագործակցեն: Դա կնպաստի հուշարձանների օգտագործման, հանրահռչակման և կառավարման դրական ընթացքին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
Նրա խոսքով'խորհրդաժողովի ավարտին կարվեն եզրակացություններ, որոնք կմտնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառնական ձեռնարկ և հետագայում կկիրառվեն հուշարձանների կայուն կառավարման գործում:
Սամուելյանը շեշտեց, որ բոլոր երկրներում էլ ոլորտի խնդիրները մեծ մասամբ նույնն են'կապված հուշահամալիրներում զբոսաշրջիկների հոսքի, հուշարձանների պահպանման գործում ֆինանսական ներդրումների հետ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել պատմական հուշարձանների, որոնք կապված են մեր՝ հայերիս հավատքի, կրոնի և դավանանքի հետ:
Նա ընդգծեց, որ մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում ամեն ինչ արել է և պահպանել ոչ միայն մեզ, այլև համաշխարհային հանրության համար կարևոր արժեք ունեցող հուշարձանները: Ուստի կարևոր է, որ այս խորհրդակցությունը կայանում է Հայաստանում:
Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր Ֆինլանդիայից, Հունաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Խորհրդատվություն-հանդիպումն անցկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ ԱԳՆ-ի և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնադրամի աջակցությամբ: