Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգը կայացավ հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգը կրում էր «Սիրված երգեր» խորագիրը։
Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի գործադիր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ չի ճանաչել Առնո Բաբաջանյանին։ Նա արդեն ավելի քան 10 տարի աշխատում է կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի հետ, ով հիմնադրամի նախագահն է։ «Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել այս հիմնադրամում, իմ կյանքը արդեն տասը տարի է կապված է այս կառույցի հետ։ Առնո Բաբաջանյանի ստեղծած երգն ու երաժշտությունը անմահ է և այն ապրելու է դեռ հարյուրամյակներ»,- ասաց Սարգսյանցը:
Նվագախմբի երաժիշտներից մեկը, ջութակահար Յանա Դարյանն էլ իր հերթին ասաց. «Շատ կարևոր համերգ է, քանի որ մեր մեծ կոմպոզիտոր, երաժիշտ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին է նվիրված։ Նա ունի սիմֆոնիկ ստեղծագործություններ, բայց հենց երգերն են, որ ամբողջ աշխարհով մեկ նրան հայտնի դարձրին։ Մեր մեծերին մենք պետք է միշտ հիշենք, ինչպես նաև պարծենանք, քանի որ մեր սիրելի կոմպոզիտորի երգերը հնչում են ամենուր»։
Կոմպոզիտորի երգերը համերգի ընթացքում կատարեցին հայ հայտնի երգիչներ, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուր էր Ռուսաստանի օպերայի և բալետի պետա կան ակադեմիական թատրոնի (Մեծ Թատրոնի) մեներգիչ Արսեն Սողոմոնյանը։
Հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին։