ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հոկտեմբերի 30-ին մասնակցել են ԵՄ TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են PEER REVIEW խմբի եվրոպացի փորձագետների կողմից՝ Հայաստանում դատական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները՝ դրանցից որոշները 2018-2022 թվականների Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրում ներառելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գործնական քննարկմանը մասնակցել են դատավորներ, ԵՄ անդամ երկրներից ժամանած փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Դավիթ Հարությունյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված շարունակական աջակցության համար: Նախարարը կարևորել է TAIEX գործիքի շրջանակում եվրոպացի փորձագետների հետ համատեղ իրականացված աշխատանքը և նշել, որ դրանք կատարվել են շատ ճիշտ ժամակահատվածում, երբ Հայաստանը, Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված, կանգնած է լուրջ բարեփոխումների ճանապարհին: Նախարարի խոսքով, ծրագրի արդյունքները՝ զեկույցները և դրանցում տեղ գտած առաջարկությունները, հնարավորություն են տվել մշակելու ապացույցների վրա հիմնված ռազմավարական ծրագիր և դրանում ներդնել մոնիթորինգի և առաջընթացի գնահատման հստակ մեխանիզմ:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, արդարադատության ոլորտի բարեփոխման ուղղությամբ գործադրված ջանքերի, կառուցողական երկխոսության և շահգրգիռ բոլոր կողմերի հետ բաց ու արդյունավետ համագործակցության համար: Դեսպանի խոսքով, ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը հինգ ուղղություններով է ընթանում՝ դատական համակարգի անկախության ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ գործիքների ներդրում, արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացում, դատարանների կառավարման համակարգի կատարելագործում և միջազգային առաջարկների կիրառումը՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցում: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կունենա ոչ միայն առաջնահերթ ոլորտների բարելավանն ուղղված լավ ռազմավարություն և գործողությունների ծրագիր, այլև, իրապես, լավ արդյունքներ:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում Դանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Շվեդիայի փորձագետները հանդես կգան զեկույցներով և առաջարկներով՝ ուղղված դատական և քրեակատարողական համակարգերի զարգացմանը: