Սոֆիայի Կարմիր Խաչի կենտրոնակայանում տեղի է ունեցել 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն, որը կազմակերպել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը՝ բուլղարական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել բուրլղար լեռնային փրկարարներին, որոնք երկրաշարժի երկրորդ օրը 16 հոգուց բաղկացած ջոկատ ուղարկեցին Սպիտակ՝ փլատակների տակից հանելով 150 մարդկանց, այդ թվում վեցին՝ ողջ վիճակում: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Բուլղարիայի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև բուլղարահայ համայնքային կազմակերպություններին և Կարմիր խաչին։ Երկրաշարժի գոտում իրականացված փրկարարական աշխատանքներում ցուցաբերած խիզախության, երկրաշարժի հետևանքների վերացման և վերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար բուլղար փրկարարներին, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերը:
Պատվոգրերի հանձնման ժամանակ փրկարարներն ու բուլղարական և բուլղարահայ կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց տպավորություններով՝ վերհիշելով փրկարարական և վերականգնողական աշխատանքներին առնչվող առանձին դրվագներ:
Արարողության ընթացքում ցուցադրվել են հատվածներ երկրաշարժի օրերին հայ օպերատորների և բուլղար փրկարարների կողմից նկարահանված փաստա-վավերագրական ժապավեններից:
Միջոցառմանը մասնակցել են ԲՀ արտաքին գործերի փոխնարար Յուրի Շտերկը (Yuri Sterk), ԲՀ խորհրդարանի Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Նիկոլայ Տիշևը (Nikolay Tishev), ԲՀ առողջապահության և պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, փրկարար ստորաբաժանումների ղեկավարներ: Ներկա էին նաև Սոֆիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, Սոֆիայի և Պլովդիվի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները:
Միջոցառումը լուսաբանել են տասնյակից ավելի լրատվական գործակալություններ, այդ թվում՝ Բուլղարական կենտրոնական հեռուստաալիքներն ու թերթերը: