Դեկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հուշ-երեկո: Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով մասնավորապես նշեց. «Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ բարեկամ չեխ ժողովուրդը։ Մեզ հետ են այսօր նրանք, ովքեր կազմակերպել են այդ օգնությունը, եւ ես Հայաստանի Հանրապետության անունից իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում նրանց»:
Այնուհետեւ նա ընթերցեց Չեխիայի Խորհրդարանի սենատոր Յարոմիր Շտետինայի՝ արտերկրից ուղարկված հեռագիրը, ուր չեխ խորհրդարանականը մասնավորպես նշել էր. «Ես բազմիցս եղել եմ Սպիտակում ու Գյումրիում եւ համոզվել, թե ինչ ուժ ու կամք ունի հայ ժողովուրդը»։
Երեկոն շարունակեց հայտնի չեխ լրագրող Դանա Մազալովան, ով պատմեց աղետից անմիջապես հետո տուժածներին օգնությունը կազմակերպելու մասին եւ մոմ վառեց զոհերի հիշատակին։
Միջոցառման ընթացքում Դանա Մազալովան հավաքվածներին ներկայացրեց 1989թ. նկարահանված՝ չեխ ռեժիսոր Միլան Մարիշկայի «Երկիր Արարատի ներքո» եւ «Վերապրածների կամուրջ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը: Ֆիլմերը մեծ համակրանքով եւ կարեկցանքով են պատմում հայ ժողովրդի եւ իր հինավուրց մշակույթի, Հայաստանի գլխին եկած մեծ արհավիրքի եւ միջազգային օգնության մասին:
Հաջորդիվ ելույթ ունեցավ «Մարդը կարիքի մեջ» ոչ-կառավարական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Շիմոն Պանեկը, ով եղել է՝ Չեխսլովակիայից Հայաստան, այնուհետեւ նաեւ՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մարդասիրական օգնության համակարգողներից մեկը։ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, որն այսօր մարդասիրական եւ մարդու իրավունքների պաշտպանության՝ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, ստեղծվել է հայ ժողովրդին մարդասիրական օգնություն կազմակերպելու առիթով: Պարոն Պանեկը նշեց, որ հայ ժողովուրդին հասած արհավիրքը կիսով չափ փոխեց իր կյանքը:
Միջոցառման շրջանակներում կայացավ նաեւ աղետի գոտու հետ առնչություն ունեցած, Պրահայում բնակվող եւ ստեղծագործող հայ նկարիչների գործերի ցուցահանդես:
Հուշ-երեկոն, որին մասնակցեցին Չեխիայի քաղաքացիական եւ մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ավարտվեց ընդունելությամբ: