Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում ավանդական պատարագից հետո դեկտեմբերի 8-ին կայացել է 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն, որն անցկացրել է աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողությանը մասնակցում էին Բաթումի քաղաքապետարանի , կառավարության պատասխանատուներ, դիվանագետներ, տասնյակ բաթումահայեր: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 26 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքի անմեղ նահատակների հիշատակը:
Իր ելույթում Տեր Արարատը կարևորել է այն հանգամանքը, որ ի տարբերություն 1988 թվականի, մեր ժողովուրդն այսօր ավելի պատրաստ է դիմակայելու նման արհավիրքների' հույս հայտնելով, սակայն, որ նման աղետներն այլևս չեն կրկնվի:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, իր խոսքում անդրադառնալով երկրաշարժին ու դրա աղետալի հետևանքներին, կարևորել է աշխարհի բազմաթիվ երկրներից ստացված օգնությունը' փլատակների տակ մնացած մարդկանց փրկության, բուժման, իսկ հետագայում՝ այլևայլ շինությունների կառուցման հարցում' ընդգծելով, որ առաջիններից մեկը, որ աղետի գոտուն օգնության ձեռք է մեկնել' եղբայրական Վրաստանն էր, որի բժիշկները, փրկարարները, շինարարները, հաշված ժամերում հասնելով աղետի գոտի, անգնահատելի աջակցություն են ցուցաբերել ահարկու աղետից տուժած մեր հազարավոր հ այրենակիցների:
Արարողության մասնակիցները պսակներ ու ծաղկեփնջեր են դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին: