Հունվարի 18-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի է ունեցել 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայության հոգևոր հովիվ, Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ հ ամայնքի ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դիմելով ներկաներին' Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն անդրադարձել է 25-ամյա վաղեմության իրադարձություններին' ընդգծելով, որ Բաքվում հայ ազգաբնակչության կոտորածները Ադրբեջանի կողմից, ի պատասան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումների, Արցախում և Ադրբեջանի հայաբնակ վայրերում կազմակերպած և իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության փուլերից մեկն էին:
Արամ Գրիգորյանը կարևորել է տեղի ունեցած այդ վայրագությունները, մասնավորապես, և ադրբեջանական ագրեսիան, ընդհանրապես, միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի և դատապարտման արժանանացնելը:
Այնուհետև Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվել է անմեղ զոհերի ոգեկոչման կարգ, որից հետո միջոցառումը շարունակվել է եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ: Հոգևոր հովիվը, ընդգծելով տեղի ունեցած վայրագությունների անհարիրությունը քրիստոնեական արժեքներին, հույս է հայտնել, որ այդ գազանային կոտորածների հեղինակները վաղ թե ուշ կանգնելու են Աստծո և մարդկային դատաստանի առջև՝ իրենց աներևակայելի չարագործությունների համար պատասխան տալու համար:
Ներկաները հարգել են նաև հունվարի 12-ին Գյումրիում դաժան սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառման վերջում ծաղկեպսակներ են զետեղվել խաչքարի առջև: