Մոսկվայի Հայ Առաքելական Ս.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ փետրվարի 28-ին տեղի է ունեցել 1988թ. փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյան ը, հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ երիտասարդական միությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Եսայանն իր խոսքում նշել է. «26 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունները սկսեցին խաղաղ հայ բնակչության ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, որի շարունակությունն էին 1990թ.-ին Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կազմակերպված հայ բնակչության ջարդերը: Չնայած ոճրագործության ողջ եղելությանը և արձագանքին, կատարվածը մինչև այսօր չի ստացել համարժեք գնահատական»:
Միջոցառմանը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվել է հոգեհանգստի պատարագ:
Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ով ընդգծել է ռուս հասարակությանը Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունների ճիշտ ներկայացման կարևորությունը: Արքեպիսկոպոս Ներսիսյանը կարևորել է նաև պատմական փաստերի խեղաթյուրմանը հակազդելուն ուղղված քայլերի նշանակությունը՝ այս համատեքստում հիշատակելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շահարկվող, այսպես կոչված, «Խոջալուի դեպքերը»: