Աշխարհի 35 երկրում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված 400 միջոցառում է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

 

 

«Սա, իսկապես, հսկայածավալ թիվ է: Իհարկե, կային խոշոր և փոքր միջոցառումներ: Բայց պատերացնենք, որ միջին հաշվով, օրական մեկից ավելի միջոցառում է տեղի ունեցել: Տարբեր երկրներում տեղի է ունեցել «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը. հեղինակավոր ստեղծագործող կոլեկտիվները և անհատներն իրենց ելույթները նվիրում էին Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայաստանյան կոլեկտիվները և անհատ կատարողներն արտերկրում համերգներ ունեցան, օրինակ'Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, պետական երիտասարդական նվագախմբերը, Հայաստանի փոքրիկ երգիչները, պարի պետական անսամբլը, Արամ Խաչատրյան տրիոն և այլն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:

 

 

Նա տեղեկացրեց, որ տեղի են ունեցել նաև տարաբնույթ ցուցահանդեսներ, որոնցում ներկայացված էր հայ քաղաքակրթությունը, որի մի մասն էր կազմում Հայոց ցեղասպանության խնդիրը:

 

 

«Մեր խնդիրն էր ներկայացնել ազգի, ժողովրդի անցած ճանապարհը, որում ցեղասպանությունը եղել է ընդամենը մի հատված, և ցույց տալ աշխարհին, որ մեր հայացքն ուղղված է ոչ թե հետ, այլ առաջ: Մենք այս իրադարձությունների պատճառով ոչ թե կորցրել ենք մշակույթ, այլ այն տարածվել է աշխարհում, ձևափոխվել'աշխարհագրական իմաստով»,-նշեց նա:

 

 

Ներսես Տեր-Վարդանյանը հիշեցրեց նաև, որ աշխարհի տարբեր երկրներում այս տարի անցկացվել են «Այլևս երբեք» խորագրով ֆիլմերի ցուցադրություններ, նկարահանվել են տարելիցին նվիրված ֆիլմեր: Նախարարի տեղակալն առանձնակի շեշտեց, որ Հայաստանը մասնակցել է Վենետիկի միջազգային բիենալեին, Միդեմ փառատոնին, Պրահայի Կվադրինալեին և այլն:

 

 

«Աշխարհահռչակ մի շարք արտիստներ'Եվգենի Կիսինը, Մարիա Գուլեգինան, Վլադիմիր Սպիվակովը, Էմիր Կուստուրիցան և այլք, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ելույթներ ունեցան Հայաստանում»,-հավելեց նա'շեշտելով, որ տեղի են ունեցել նաև տարելիցին նվիրված ներկայացումների պրեմիերաներ: