Ֆրանսիաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ «Zipper Hall» սրահում «Հիշողության ձայնը» (Sound of memory) համերգային երեկոյի ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' համերգային ծրագիրը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի զոհերին: Երկրաշարժ, որ 1988 թվականին տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին:
Այդ ժամանակ ծնունդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ: Համերգով կնշանավորվի Ադամ Բարրոյի ամերիկյան դեբյուտը: Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել են «Հայ եմ» հիմնադրամը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հանդես կգան նաև սոպրանո Օվսաննա Նալբանդյանը, դաշնակահար Նաիրա Վարդանյանը և «Հայ եմ» կվարտետը:
«Ինձ համար շատ կարևոր համերգ է: Նպատակ էի դրել իմ առաջ մեկնել ԱՄՆ միայն ու միայն համերգի հրավերի դեպքում: Եվ ուրախ եմ երգել այդ հանրաճանաչ դահլիճում: Միջոցառման կազմակերպիչներից է «Հայ եմ» հիմնադրամը՝ իմաստուն Նշան Աճեմյանի ղեկավարությամբ, որի հետ բախտ ունեցա ծանոթանալ: Կվարտետի անդամներ Տիգրան Երկանյանի, Արմեն Մանգասարյանի, Սահակ Կարապետյանի, Հովիկ Հովհաննիսյանի նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ երջանկություն է աշխատելը»,-նշում է Ադամ Բարրոն:
Ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի Կոմիտասի, Կաչինիի, Պիաֆի, Բելինիի, Մասնեի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների գործերից:
Առաջիկայում Ադամ Բարրոն հանդես կգա նաև այլ ելույթներով: Բարրոն ակտիվ գործունեություն է ծավալում որպես տարաբնույթ հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ. նրան պարբերաբար հրավիրում են դատելու միջազգային ստուգատեսներ տարբեր երկրներում: Դեկտեմբերի 21-ին Ադամ Բարրոն հանդես կգա ամանորյա համերգով: Կհնչեն հայկական, ռուսական և ֆրանսիական ծննդյան երգեր: Երգիչը ելույթ կունենա Փարիզի ռուսական երգչախմբի հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Եկատերինա Անապոլսկայան: Համերգը տեղի կունենա Հայկական կաթոլիկ եկեղեցում: 2018-ը ևս հարուստ կլինի համերգային ծրագրերով: Հաջորդ տարի օպերային երգիչը Հայաստանում կներկայանա «Ադամ Բարրոն և ընկերները» համերգային ծրագրով, Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Վերդիի «Ռեքվիեմ»-ի բեմադրությունում, ինչպես նաև Լոնդոնում, Հռոմում, Փարիզի Աստվածամոր տաճարում՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով: Փարիզում Բարրոյի նախաձեռնությամբ հեղինակավոր համերգասրահներում կնշվի նաև Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, Կոմիտասի 150-ամյակը: