Արդարադատության նախարարության աշխատակիցները, իրավաբաններ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մարտի 7-8-ին քննարկել են ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աղվերանում կայացած սեմինար-քննարկումն անցկացվել է, մասնավորապես, «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի շուրջ:
Նախագծերն ուղղված են վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանը, Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի ներդրմանը, ինչպես նաև արբիտրաժային համակարգի զարգացմանը։
«Վեճերի այլընտրանքային լուծման ձևերի զարգացման անհրաժեշտությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրում: Ներկայում' հաշտարարությունը, որպես վեճերի լուծման այլընտրանքային տարբերակ և որպես իրավական ինստիտուտ լիարժեք չի գործում ՀՀ իրավական համակարգում, քանի որ բացակայում է իրավական դաշտը, որը կկարգավորեր հաշտարարության ոլորտը: Այդպիսի ինստիտուտի ներդրումը շատ կարևոր է, որպեսզի խթանվի վեճերը հաշտարարությամբ լուծելու (ավարտելու) գործընթացը»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:
Այս նպատակին է ուղղված նաև «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում են հայցի ապահովման միջոցների և նախնական կարգադրությունների նկատմամբ կիրառելի դրույթների մանրամասն կարգավորումներ, ինչպես նաև առանձին գլխով սահմանվում եմ արբիտրի վարքագծի կանոնները: