Մայրաքաղաք Երևանում մարտի 31-ին կազմակերպված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության տվյալներով՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 10000 ծառ և թուփ, իսկ մինչև գարնանային ծառատունկի ավարտը՝ ապրիլի 10-ը, նախատեսված է տնկել ևս 6000-ը: Հաշվի առնելով Երևանի բնակլիմայական պայմանները՝ ծառատեսակների մեջ գերակշռում են ակացիան, սոսին, հացենին, բարդին, կատալպան:

Ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում մեծածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակերում, այգիներում, պուրակներում, անտառային տարածքներում, պողոտաներում, փողոցներում, հրապարակներում, դպրոցներում, ինչպես նաև հանրային նշանակության այլ կառույցներին հարակից տարածքներում:

Դժվարամատչելի վայրերում աղբը մաքրվել է ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ջանքերով: Առանձին հատվածներում կիրառվել են ջրցան մեքենաներ և ծանր տեխնիկա: Բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, դույլերով, ձեռնոցներով, պարկերով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 110 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 430 տոննա աղբ, այդ թվում՝ քաղաքացիների կողմից շքամուտքերին կից հատվածներում և աղբամանների մոտ թողած անօգտագործելի գույք և կոշտ թափոններ: