Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում ընդհանուր օգտագործման տասնյակ տարածքներ մաքրվեցին և նոր ծառերով համալրվեցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությանը մ իացել էին ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող պետական կառույցները, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Երևանի ավագանու անդամները, հասարակական կազմակերպությունները, մասնավոր ընկերությունները, ինչպես նաև հազարավոր բնակիչներ:
Երևանում հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել նաև մայրաքաղաքի նորակառույց այգիները:
«Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին ու պահպանել մաքրությունը», - ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով որդիների ու մայրաքաղաքի բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև վերջերս շահագործման հանձնված Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգում:
Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հստակ քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ նշված այգին վերակառուցելու և այն իրենց համար իսկապես լիարժեք հանգստի գոտի դարձնելու համար: Քաղաքապետն էլ իր հերթին հորդորել է նրանց մաքուր պահել մայրաքաղաքն ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին:
«Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է անձամբ հետևի մեր քաղաքի մաքրությանը, նաև նպաստի կանաչ տարածքների պահպանմանն ու ավելացմանը: Այսօր նաև համաքաղաքային շաբաթօրյակ է, միջոցառում, որը տարին մի քանի անգամ կազմակերպում ենք: Սակայն փաստ է, որ աշխարհի և ոչ մի քաղաք միայն մաքրելով ու պարբերաբար կազմակերպվող շաբաթօրյակներով չի կարող մշտապես մնալ մաքուր: Մաքուր քաղաք ունենալու գլխավոր նախապայմանը քաղաքը միշտ մաքուր պահելն է, սրտացավ վերաբերմունքը քաղաքի հանդեպ:
Կասկած անգամ չունեմ, որ Երևանի յուրաքանչյուր բնակիչ մեր քաղաքին վերաբերվում է որպես տան: Եվ այդ համոզմունքով էլ կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին ու պահպանել մաքրությունը: Ու ես վստահ եմ, որ մենք միասին մի օր առանձնակի կհպարտանանք մեր քաղաքի մաքրությամբ՝ այն ներքին զգացումով, որ դրանում կա նաև մեզանից յուրաքանչյուրի լուման»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ քաղաքապետը այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին ևս մասնակցել է ծառատունկի:
Աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 17 հազար 500 կամավոր, ովքեր իրենց ներդրումն են բերել Երևանի մաքրության ապահովման և կանաչ տարածքների ընդլայնման հարցում: Սանմաքրման աշխատանքների ընթացքում օգտագործվել է 135 միավոր մեքենասարքավորում:
Աշնանային համաքաղաքային ծառատունկի ժամանակ վարչական բոլոր շրջաններում տնկվել է 20 հազար ծառ և 5 հազար թուփ: