Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցները, վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, հարյուրավոր կամավորներ:

 

Վարչական բոլոր շրջաններում առավոտից մեկնարկել և շարունակվում են սանմաքրման աշխատանքները, որի ընթացքում հանրային օգտագործման կանաչապատ տասնյակ տարածքներ, այդ թվում՝ բակեր, այգիներ ու պուրակներ, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում:

 

Ուսանողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՊՆ ներկայացուցիչների ուժերով մաքրվում է նաև Ծիծեռնակաբերդի տարածքը: Այս և մյուս տարածքներում կուտակված աղբը հատուկ մեքենաներով տեղափոխվում է աղբավայր: Շաբաթօրյակին անհրաժեշտ բոլոր պարագաները և գործիքները մասնակիցների համար տրամադրել է Երևանի քաղաքապետարանը: