Մայրաքաղաքի կանաչ գոտիների աստիճանական ընդլայնման համատեքստում 2014թ. գարնանը Երևանի վարչական շրջաններում տնկվել է շուրջ 30 000 ծառ ու թուփ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 18 500 ծառ տնկվել է ընթացիկ տարվա ծրագրով՝ ոռոգման ցանցերով համալրված տարածքներում, 10 000 տնկի' «Փարոս» անտառ-պուրակում, 3 000-ը' Եռաբլուրում, 2 000-ը' Նոր Նորքի երկրորդ զանգվածի նորաստեղծ պուրակում, 1000-ը՝ «Հաղթանակ» զբոսայգում և 2 500 տնկի' Լենինգրադյան–Իսակով նորաստեղծ ճանապարհի երկայնքով, որտեղ նույնպես ոռոգման նոր ցանց է անցկացվել:
Բացի այդ, ճանապարհահատվածից 22 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման նոր համակարգեր են անցկացվել նաև Բաբաջանյան, Օգանով, Գրիբոյեդով, Վաղարշյան, Ահարոնյան, Միկոյան, Պ. Սևակ փողոցներում: Դրա շնորհիվ ծառերի միջին կպչողականությունը հասել է 70-75 տոկոսի:
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում տնկվել է շուրջ 2 միլիոն 200 հազար ծաղկասածիլ, կրապատվել է 39 000, էտման է ենթարկվել 22 000 ծառ, բուժվել է 28 000 ծառ և թուփ։ 4,5 հա-ում ստեղծվել են նոր սիզամարգեր, տեղադրվել է 105 գեղարվեստական կոմպոզիցիա։ Այժմ ընթացքում է աշնանային ծառատունկի նախապատրաստական փուլը: