Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հունվարի 21-ին անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, օրակարգում վարչության և ենթական ստորաբաժանումների ծառայողների կողմից 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն է եղել, որի զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի վարչության շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը:
Նշվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմը հաշվետու ժամանակաշրջանում աշխատել է ծանրաբեռնված, միևնույն ժամանակ լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը' պահպանելով հասարակական կարգ ու կանոն մայրաքաղաքում:
Հանցագործությունների քանակի նվազման միտումը պահպանվել է ողջ տարվա ընթացքում: Երևան քաղաքում արձանագրվել է 7875 հանցագործության դեպք, որը 981 դեպքով պակաս է նախորդ տարվանից: Նվազել են ծանր հանցագործության դեպքերը' 8-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 11-ով:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 214-ով: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողությունների նվազում 383 դեպքով: Անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 186-ով, 102 դեպքով նվազել են մարմնական վնասվածքները, ծանր մարմնական վնասվածքներ ն աճել են 22-ով: Արձանագրվել է 4 դեպքով մարդկանց թրաֆիքինգի և 5 դեպքով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների նվազում:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 324 դեպքով, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարները' 207-ով, իսկ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են 13 դեպքով:
Թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 150 անձ, որից 62-ն ազատազրկվել է, իսկ 137-ը ենթարկվել վարչական պատասխանատվության:
Առգրավվել կամ կամավոր հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 154 միավոր հրազեն, ձերբակալվել է 34 հանցավոր խումբ՝ 77 անձով, որոնց կողմից կատարվել են 153 հանցագործություններ:
2014 թ. ընթացքում նախկինում չբացահայտված և կասեցված դեպքերից բացահայտվել է 631-ը, նախորդ տարվա 508-ի դիմաց: Ընդ որում, բացահայտված 631 դեպքերից 193-ը եղել են կասեցված՝ հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու պատճառով: Հետախուզման մեջ գտնվող 5788 անձանցից հայտնաբերվել է 754-ը, հայտնաբերվել է նաև այլ երկրների կողմից հետախուզվող 22 անձ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության վետերանները փոխհամագործակցելով տարածքային բաժինների հետ՝ որոշակի աշխատանքներ են կատարել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ: Նրանց ուժերով բացահայտվել է հանցագործության 16 դեպք:
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար կայազորի 1236 աշխատակիցներ խրախուսվել են, իսկ պարտականությունների կատարման մեջ թերանալու և տարբեր խախտումներ թույլ տալու համար կարգապահական տույժեր են ստացել 294-ը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները' ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական' տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարել շարունակել հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, բացահայտման աշխատանքների ցուցանիշը բարձրացնելու և անձնակազմի կատարողական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: