Հանրապետությունում 2014թ. արձանագրվել է սնկի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման 7 դեպք' 9 տուժածով, որոնցից 3-ը՝ մինչև 14 տարեկան երեխա: Թունավորումներն առաջացել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում' թունավորվածների կողմից հավաքված սնկի սննդում օգտագործման հետևանքով:

 

Թունավորումից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չհավաք ել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի, սննդում չօգտագործել հում սունկ, սունկ գնել միայն շուկայից և խանութներից' իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, չգնել խառը, չտեսակավորված սունկ:

 

Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի։ Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել: Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

 

Սնկային թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: