Զբոսաշրջության ոլորտն աշխուժացնելու նպատակով BPA ընկերությունը կկազմակերպի «Welcome to Armenia» («Բարի գալուստ Հայաստան») խորագրով համաժողով:
Այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 10.00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում:
«Համաժողովին կից նախասրահի ցուցասրահում ներկայացված են լինելու այն ընկերությունները, որոնք ներկայացնում են ոչ ավանդական տուր-փաթեթներ: Դրանցից են, օրինակ, աղի տուրերը: Ի դեպ՝ տարածաշրջանում ամենամեծ աղի հանքը՝ 235 մետր խորությամբ, Հայաստանում է գտնվում և ներառված է տուրիստական փաթեթների շրջանակում: Զբոսաշրջիկներն, իջնելով աղի հանքի մեջ, կարող են այնտեղ անցկացնել 3-4 ժամ և բուժում ստանալ: Համաժողովի ընթացքում կներկայացվի նաև գինեբուժության (էնոթերապիա) ծրագիր: Այն աշխարհում հայտնի, ընդունված կուրս է, որի ժամանակ մարդիկ գինու լոգանքներ են ընդունում: Ինչպես գիտենք՝ գինին բուժական կարևոր հատկություններ ունի, ինչի շնորհիվ էլ գինեբուժությանը մեծ նախապատվություն է տրվում»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Welcome to Armenia» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը:
Համաժողովի ընթացքում ոլորտ առ ոլորտ կներկայացվի մշակութային, կրոնական, սպորտային տուրիզմը: Հյուրերի շարքում կլինեն օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ:
Տուրիստական քաղաքների քաղաքապետերն անձամբ կներկայացնեն իրենց քաղաքների տեսարժան և զբոսաշրջային վայրերը, զբոսաշրջային ներուժը:
«Մենք ունենալու ենք զեկույց՝ գինետուրերի հետ կապված: Հայաստանում գործող գինու թանգարանի սեփականատերը կներկայացնի գինու տուրեր կազմակերպելու նրբությունները, իսկ միջոցառման ամենակարեւոր ասելիքը լինելու է Հայաստանում նմանը չունեցող փառատոնի մասին, որը կազմակերպվելու է 2017 թվականին: Ակնկալվում է, որ այդ փառատոնը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան: Թե՝ որ փառատոնի մասին է խոսքը գնում, կներկայացվի համաժողովի ընթացքում»,- ասաց Փենեսյանը:
Ծրագրվում է ստեղծել «Հայաստան» ուղեցույց: Այն կտարածվի արտերկրում գործող տուրիստական ընկերություններում, որպեսզի օտարերկրացի զբոսաշրջիկները կարողանան ծանոթանալ Հայաստանի զբոսաշրջային առաջարկներին և ցանկություն հայտնեն Հայաստան գալու:
Հայտարարվելու է նաև տուրիզմի աջակցման խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է հետևողական աշխատանքների միջոցով փորձել քննարկել համաժողովի ընթացքում հնչած առաջարկները և կյանքի կոչել իրատեսական ծրագրերը:
«Welcome to Armenia» ֆորումի ինֆորմացիոն հովանավորն է International Media Holding-ը: