ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրական գործ՝ ապօրինի ծառահատում թույլ տալու, յուրացում կատարելու, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքի առթիվ։
Նախկին անտառապահից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ 2014 թվականի մայիս-օգոստոսին, նույն անտառպետության անտառապետի կարգադրությամբ, թույլատրել է Տավուշի մարզի մի բնակչի Խաչարձանի անտառպետության 6-րդ պահաբաժնում ապօրինի հատել շուրջ 105 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միաժամանակ պարզվել է, որ հիշյալ ապօրինի ծառահատումները թաքցնելու նպատակով նախկին անտառապահն իր մոտ գտնվող դրոշմակնիքով կնքել է հատված ծառերի կոճղերը, իսկ ապօրինի հատված ծառերի փայտանյութի' «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով յուրաքանչյուր խմբաքանակի սպառման դիմաց անտառապետը բնակչից պահանջել և ստացել է 250 հազարից 260 հազար ՀՀ դրամ գումար:
Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային ֆոնդում շուրջ 25 հատ ծառ իր համար ապօրինի հատելու նպատակով նույն մասնաճյուղի անտառպետության անտառապետի պահանջով 2014 թվականի հուլիս-օգոստոսին վերջինիս տվել է 650 հազարից 800 հազար ՀՀ դրամ կաշառք:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 296-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: