Վրաստանի իշխող կոալիցիայի՝ «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր եւ հանրապետության նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ քննադատության է ենթարկել Գեորգի Մարգվելաշվիլիին, որը, նրա կարծիքով, ընդդիմադիր դիրք է բռնել երկրի կառավարության նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ավելի վաղ Իվանիշվիլին քանիցս քննադատել է վրացական պետության ղեկավարին, մասնավորապես, նա Մարգվելաշվիլիին մեղադրել է այն բանում, որ նա մրցակցում է կառավարության եւ խորհրդարանի հետ եւ դրանով իսկ խանգարում նրանց աշխատանքին: Այս հայտարարությունից հետո կառավարող կոալիցիայի ներկայացուցիչների մեծամասնությունը պաշտպանել է նախկին վարչապետի կարծիքը: Բացի այդ, ավելի վաղ Իվանիշվիլին հերթական հարցազրույցի ժամանակ դժգոհություն է հայտնել Մարգվելաշվիլիից այն բանի կապակցությամբ, որ վերջինս տեղափոխվել Է Թբիլիսիի կենտրոնում գտնվող նախագահական նստավայր, որը կառուցվել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից:

 

«Ես ելույթ եմ ունեցել մի քանի անգամ եւ ընդգծել, որ րա նա նախագահական ընտրություններից հետո արդեն երկրորդ օրը դիմակայում էր իր թիմին, որը նրան բերեց նախագահության: Նման բան դժվար է հիշել քաղաքականության համաշխարհային պատմության մեջ: Ես այսօր էլ կարող եմ հիշեցնել հասարակությանը նախագահի տեղափոխվելը պալատ, վետո դնելու նրա գործելակերպը, Նյու Յորք այցի կապակցությամբ նրա քմահաճությունները… Մի խոսքով, նա ընդդիմադիր դիրք է բռնել թիմի նկատմամբ եւ չի հայտնում այդ մասին, թեեւ իր բոլոր արարքներով ապացուցում է դա»,- հայտարարել է Իվանիշվիլին ապրիլի 5-ի երեկոյան ցուցադրված իր հեռուստահաղորդման ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: