Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, կաթողիկոսի ուղերձում ասված է.
«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդներին, մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց:
Սուրբ Աստվածածնի բարի օրինակով, հոգևոր ու բարոյական բարձր արժեքներով սիրասուն մեր մայրերն ու քույրերը կրթում և մեծացնում են աստվածասեր ու հայրենասեր զավակներ և նվիրական ու ազնիվ ջանքեր բերում հայրենի մեր երկրի և ազգային-եկեղեցական մեր կյանքի առաջընթացին ու պայծառությանը: Մայրությանը նվիրված այս տոնը գեղեցիկ առիթ է բոլոր զավակների համար' երախտալից սրտով վերստին նորոգելու մայրերի հանդեպ իրենց սերն ու նվիրումը և անշեղորեն քայլելու մայրական խրատներով զարդարված ու լուսավորված ճանապարհներով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն' մոր խրատն ու պատվիրանը շնորհի պսակ են մարդու գլխին և ոսկի մանյակ' պարանոցին:
Սիրելի մայրեր և քույրեր, ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Սուրբ Տիրամոր բարեխոսությամբ Երկնավոր մեր Հայրը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ, ձեր ընտանիքներին ու զավակներին' պարգևելով խաղաղ կյանքի բարօր ու երջանիկ երկար օրեր»: