Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթի: Ուղերձում ասված է.

 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց' Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:

 

Սուրբ Աստվածածինը, ով «օրհնյալն է կանանց մեջ», առ Աստված հավատքի, մայրական հոգատարության, սիրո և նվիրումի ներշնչման աղբյուր և օրինակ է բոլոր կանանց համար: Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն' աղոթքով և մաղթանքով, որ մայրերը ուրախ սրտով ու երջանիկ հոգով սնեն իրենց մանուկներին և մեծացնեն նրանց խաղաղության ու բարօրության մեջ:

 

Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերը Սուրբ Տիրամոր գթառատ բարեխոսությամբ մեր մայրերին, քույրերին ու դուստրերին պարգևի քաջառողջ արևշատություն, երկնային ամենայն բարիք և շնորհներ' ջերմ հավատքով ապրելու իրենց կյանքը, հավատավոր գործերի օրհնությամբ լցնելու իրենց ընտանեկան հարկերը, պայծառություն բերելու մեր երկրին, ազգային և եկեղեցական մեր կյանքին»: