ԱՄՆ-ն անհիմն է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը Իսլամական Հանրապետության կողմից հրեական պետության ճանաչման անհրաժեշտության հետ կապակցելու Իսրայելի պահանջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 6-ին հայտարարել է NPR ռադիոընկերությանը տված հարցազրույցում:

 

«Ենթադրությունը, թե Իրանի հետ համաձայնագիրը, որը ենթակա է ստուգման եւ նրան զրկում է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, կկնքվի միայն այն պայմանով, որ Իրանը ճանաչում է Իսրայելը, դա նույնն է, թե մենք ասեինք, որ չենք ստորագրի համաձայնագիրն այնքան ժամանակ, քանի դեռ իրանական ռեժիմն ամբողջովին չի փոխվել»,- ասել է նա:

 

«Դա խորը մոլորություն է»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը՝ մեկնաբանելով Իսրայելի առաջարկությունները:

 

«Մենք ցանկանում ենք, որ Իրանը միջուկային զենք չունենա հենց այն պատճառով, որ չենք կարող ակնկալել այդ երկրում ռեժիմի բնույթի փոփոխություն»,- պարզաբանել է Օբաման: «Եթե Իրանն անսպասելիորեն վերածվեր Գերմանիայի, Շվեդիայի կամ Ֆրանսիայի, այդժամ նրա միջուկային ծրագրի շուրջ միանգամայն այլ խոսակցություն կընթանար»,- հավելել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:

 

Ավելի վաղ The New York Times թերթին տված հարցազրույցում Օբաման ասել Է, որ Իսրայելի թուլացումը, եթե դա տեղի ունենա իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրման արդյունքում, կդառնա ԱՄՆ-ի վարչակազմի արտաքին քաղաքականության ձախողումը: «Եթե նախագահի պաշտոնում իմ գտնվելու ընթացքում կամ այն բանի արդյունքում, ինչ ես արել եմ, Իսրայելը վերածվի ավելի խոցելի պետության, ես դա կդիտարկեմ որպես իմ ձախողումը, իմ նախագահական ժամկետի լիակատար ձախողումը»,- նշել է Օբաման:

 

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է. «Ինչպես Իրանի, այպես էլ պաղեստինյան հիմնախնդրի շուրջ վարչապետ Նաթանյահուի հետ մեր տարաձայնությունների թեժ պահին անգամ ես վստահությամբ ասում եմ, որ Իսրայելի պաշտպանությանը վերաբերող մեր պարտավորություններն անխախտ են մնում»:

 

Սպիտակ տան ղեկավարն ընդունել է, որ Իսրայելը «իրավացի է՝ անհանգստություն դրսեւորելով», եւ հավաստիացրել Է. «Միանալով գործարքին՝ մենք հստակ ազդանշան ենք ուղարկում իրանցիներին, ամբողջ տարածաշրջանին, որ եթե որեւէ մեկը ոտնձգություն կատարի Իսրայելի դեմ, Ամերիկան կլինի Իսրայելի հետ»:

 

Նաթանյահուն ապրիլի 5-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում վերստին քննադատության է ենթարկել Իրանի հետ «վեցյակի» համաձայնագիրը՝ այն որակելով «վատ» եւ Իսրայելին «սպառնացող»:

 

«Այդ համաձայնագիրը հետ չի շրջի իրանական միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: