Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, և ակնկալվում է, որ այդ հանդիպման ընթացքում նա փորձելու է համոզել Օբամային' չթուլացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը և չխաբվել իսլամական հանրապետության նոր ղեկավարի խաղաղասեր հռետորաբանությանը:

 

Իսրայելի ղեկավար մարմինները շատ զգուշությամբ են վերաբերվում ԱՄՆ-ի և Իրանի միջև նկատվող հարաբերությունների մեղմացմանը: Նեթանյահուն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի' միջզգային հանրության հետ հակամարտությունները քաղաքական ճանապարհով խաղաղ կարգավորելու ձգտումներն անվանել է «ծխե վարագույր», որի քողի տակ Իրանը շարունակելու է զարգացնել իր միջուկային ծրագրերը:

 

ԱՄՆ մեկնելուց առաջ Իսրայելի վարչապետը խոստացել է պատմել ողջ ճշմարտությունն Իրանի քաղաքականության մասին, ինչպես նաև փաստեր բերել, որոնք կապացուցեն իսրայելական կողմի անվստահության հիմքերը:

 

Իսրայելական «Հաարաեց» պարբերականի թղթակիցը Թվիթերի իր էջում մեջբերել է Նեթանյահուի օգնականների խոսքերը, ովքեր հայտարարել են, որ Նեթանյահուն փորձելու է ոչ միայն համոզել ԱՄՆ-ին չթուլացնել պատժամիջոցները Իրանի հանդեպ բանակցությունների փուլի ընթացքում, այլև ուժեղացնել գործադրվող ճնշումները: