Ապրիլի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Լիլիթ Գրիգորյան) ելույթ ունեցավ հոգևոր երգերի կատարմամբ: Համերգը նվիրված էր եղեռնազոհ մայրերին:
ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը համերգից առաջ Տերունական աղոթքն ասաց:
Խոսելով նախաձեռնության մասին՝ Տ. Պետրոսը ասաց. «Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կամարներից ներս հնչեցին հոգևոր երգեր մեր Ծաղկազարդ համախմբի կատարմամբ: Այս երգերը որպես աղոթք վերառաքվեցին առ Տեր՝ ցեղասպանության ժամանակ նահատակված մեր մայրերի հոգիների համար»:
Ապրիլի 4-ին՝ Ճրագալույցի ս. պատարագից հետո, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ծաղկազարդ» համախմբին շնորհակալագիր հանձնեց՝ հայ հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Համախումբը ձևավորվել է 2007թ. Տ. Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին