Երկրորդ բուժմիավորումը Հայաստանի խոշոր բժշկական կենտրոններից մեկն է, որն արդեն 96 տարի է, ինչ սպասարկում է քաղաքացիներին: Տասնամյակներ շարունակ այստեղ վերապատրաստվում են Երևանի պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Երևանի բժշկական ուսումնարանների ուսանողներն ու դասախոսական կազմը:
Հիվանդանոցը Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական բազաներից է, ինչը հնարավորություն է տալիս հիվանդների ախտորոշման և բուժման կազմակերպման հարցում ակտիվ ներգրավել նաև նյարդաբանական և օտոլարինգոլոգիական ամբիոնների բարձր որակավորում ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմը:
Բուժմիավորումը համալրված է բարձր որակավորում ունեցող կադրերով, ապահովված ժամանակակից բժշկական տեխնիկայով, ունի ախտորոշիչ և բուժական կաբինետների համալիր, որոնք ապահովում են ախտորոշիչ-բուժական գործընթացը բժշկական գիտության ժամանակակից մակարդակով:
Լուրեր.com-ը զրուցեց Երկրորդ բուժմիավորման Վիրաբուժության գծով փոխտնօրեն, Առաջին նյարդաբանական բաժանմունքի վարիչ Լյուդմիլա Միրաքյանի հետ:
- Տիկին Միրաքյան, կներկայացնե՞ք Երկրորդ բուժմիավորման կողմից մատուցվող ծառայությունները։
- Նախ պետք է ասեմ, որ մեր հիվանդանոցը գործում է շուրջ 96 տարի, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է ցանկացած բուժհաստատության համար: Մեր հիվանդանոցում մատուցվում է նյարդաբանական, օտոլարինգոլոգիական, վնասվածքաբանական, ախտորոշիչ, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական, ինչպես նաև թերապևտիկ ծառայություններ:
Ախտորոշիչ ծառայություններն իրականացնելու համար ունենք բարձրակարգ լաբորատորիաներ, որտեղ կատարվում են բոլոր տեսակի հետազոտություններ, ռենտգեն բաժանմունք (ռենտգենոսկոպիա, ֆլյուրոգրաֆիա), սրտագրական կաբինետ (ԷՍԳ), սոնոգրաֆիկ կաբինետ (ներքին օրգանների գերձայնային հետազոտություններ), օտո-նյարդաբանական կաբինետ, նյարդաակնաբանական կաբինետ, նյարդաֆիզիոլոգիական լաբորատորիա, դոպլերոգրաֆիայի կաբինետ, նյարդահոգեբանական լաբորատորիա, որը, ի դեպ, միակն է Հայաստանում, որը հետազոտում է մարդու բարձրագույն կեղևային ֆունկցիաները, հայտնաբերում դեմենցիայի (ինտելեկտի իջեցում) վաղ ձևերը և որոշում դրանց շտկման լուծումները: Կա նաև էնոսկոպիկ կաբինետ (ֆիբրոլարինգոսկոպիա, գաստրոդուոդենոսկոպիա) և աուդիոմետրիայի կաբինետ, որտեղ կիրառվում են լսողության ստուգման բոլոր հայտնի մեթոդները:
Նշեմ նաև, որ Երկրորդ բուժմիավորումն ունի նաև ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի, ինգալացիոն բաժանմունքներ, մանուալ թերապիա և ասեղնաբուժական ծառայություն։
-Ո՞ր բաժանմունք են առավել հաճախակի դիմում քաղաքացիները:
-Ավելի շատ դիմում են նյարդաբանական կենտրոն, ինչպես նաև կատարում պլաստիկ վիրահատություններ. մարդիկ ավելի հաճախ իրենց գումարները տրամադրում են պլաստիկ վիրահատություններին, քան առողջությանը:
-Որտե՞ղ են վերապատրաստվում Երկրորդ բուժմիավորման մասնագետները:
- Մեզ մոտ աշխատում են պատկառելի մասնագիտական փորձ և հեղինակություն ունեցող մասնագետներ, սակայն եթե վերապատրաստման անհրաժեշտություն է լինում, ապա՝ Երևանի պետական բժշկական համալսարանում։ Ճիշտ է՝ բժիշկների վերապատրաստումը, սարքավորումներ ունենալը շատ կարևոր է, բայց առավել կարևոր է, երբ բժիշկների «գլուխն» աշխատում է, իսկ մեր հիվանդանոցի «ձեռքերն ու մատներն» աշխատում են:
-Ո՞ր բուժհաստատությունների հետ եք համագործակցում:
-Համագործակցում ենք Հայաստանի բազմապրոֆիլ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, ծննդատների հետ:
-Մատչելի՞ են արդյոք ձեր հիվանդանոցի ծառայությունները:
-Հաշվի առնելով մեր քաղաքացիներից շատերի սոցիալական վիճակը՝ պետպատվերներ շատ են լինում: Ունենք նաև զորակոչիկներ, որոնք նույնպես հետազոտվում կամ բուժման կուրս են անցնում պետպատվերի շրջանակում:
Մարդիկ մեզ են դիմում այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն զարգացման փուլում է լինում, ոչ թե այն ժամանակ, երբ այն նոր–նոր է գլուխ բարձրացնում։ Այսինքն՝ քանի խնդիրը կյանքին վտանգ չի սպառնում, նրանք չեն դիմում. բարդություններն ավելի շատ են լինում, քան եթե ժամանակին դիմեին:
Այսպիսի մի ասացվածք կա՝ «Հայը բուժվում է հիվանդությունը սկսվելուց տասը տարի հետո, հրեան՝ հիվանդությունն սկսվելուց տասը տարի առաջ»: