ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիա պաշտոնական այց կատարած՝ պետության առաջին ղեկավարն է, ում ընտրվելուց հետո կընդունի Իտալիայի նոր նախագահ Սերջիո Մատարելլան: Երկու երկրների նախագահների հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Հռոմում: Այս մասին ապրիլի 8-ին Հռոմ ժամանած լրագորղներին տեղեկացրեց Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: «Այս այցն առանձնահատուկ է նրանով, որ Իտալիայի նորընտիր նախագահն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պաշտոնական ընդունելությամբ կդիմավորի օտարերկրյա առաջին ղեկավարին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպան Ղազարյանը:

 

Հայ-իտալական քաղաքական հարաբերություններն այլ առանձնահատկություններով ևս բնորոշվում են: Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամական խումբն իտալական խորհրդարանում երկրորդն է իր մեծությամբ իտալա-ամերիկյան բարեկամական խմբից հետո: «Այն 118 անդամ ունի, ու այս հանգամանքը կարևոր է մի քանի առումով. նախ՝ Իտալիան խորհրդարանական եր կիր է: Ապա այս հանգամանքը ծայրահեղ կարևորություն է ձեռք բերում նաև թուրք-ադրբեջանական լոբբիի հակահայ գործունեության ֆոնին: Ուստի, կարևոր է, որ խումբը լինի բազմամարդ ու ակտիվ»,-ընդգծեց Սարգիս Ղազարյանը:

 

Հայ-իտալական տնտեսական կապերը, դեսպանի բնորոշմամբ, վերջին չորս տարում նշանակալի աճ են գրանցել. ապրանքաշրջանառությունն ավելացել է 93 տոկոսով: «Ընդ որում, ավելացել է ոչ միայն Իտալիայից Հայաստան ներկրումը, այլ նաև հայկական ապրանքների արտահանումը դեպի իտալական շուկա, որտեղ պահանջված են հայկական տեքստիլ արդյունաբերական արտադրանքը, հանքային ջրերը և շինանյութը»,-նշեց դեսպան Ղազարյանը: Նա Իտալիայի հետ տնտեսական կապերի աշխուժացումը կարևորեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում: Իտալիան դուր ս է մղվում իր համար մեծ ու նշանակալի ռուսական շուկայից ուկրաինական ճգնաժամի պատճառով, և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարող է Իտալիայի համար ապահովել մուտք դեպի 170 միլիոնանոց շուկա:

 

Տնտեսական թեմաները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի օրակարգի կարևոր բաղադրիչներից են: Իտալիայում 3 հազար հայ է ապրում: Իտալական բուհերում մոտ 30 հայ ուսանողներ են սովորում կրթական տարբեր ծրագրերով:

 

ՀՀ Նախագահի պաշտոնական այցն իտալական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Լրատվական թողարկումներ են ունեցել ինչպես ANSA գործակալությունը, այնպես էլ RAI 1 հեռուսռաընկերությունը, որը 20 միլիոնանոց լսարան ունի: Այցի օրակարգում այլ հարցազրույցներ ևս նախատեսված են: Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այցի շրջանակներում ապրիլի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:

 

Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հանրապետության Նախագահը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Իտալիայում նախատեսված է նաև Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը միջազգային կազմակերպություններից մեկ ի՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ: Հանրապետության Նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: