Սիրիայում ներքին պատերազմի պատճառով Թուրքիա գաղթած տասնյակ հազարավոր սիրիացիներ հայտնվել են ծայրահեղ աղքատության եւ անելանելի դրության մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Թուրքիայում սիրիացի փախստականների աղետալի վիճակին, գերմանական Der Stern հանդեսը գրում է, որ խիստ վատ տնտեսական վիճակում հայտնված սիրիացի աղջիկներն ու կանայք թուրք տղամարդկանց կողմից գնվում են որպես երկրորդ, երրորդ, նույնիսկ' չորորդ կին:

 

«1800 եվրոյով սիրիացի երկրորդ կին» վերնագրով հոդվածում հանդեսը գրում է, որ նման խայտառակ «ամուսնության» սիրիացի կանայք հարկադրված դիմում են ծայրահեղ աղքատությունից:

 

Հանդեսը գրում է, որ չնայած Թուրքիայում բազմակնությունն օրենքով արգելվում է, սակայն արդեն 372 հազար կին հայտնվել են նման վիճակում, իսկ այդ երկրում ամուսնությունների ընդհանուր թվում մեկից ավելի կնոջ հետ ամուսնությունները կազմում են 7 տոկոս:

 

Հանդեսը գրում է, որ Թուրքիայում ազգությամբ թուրք երկրորդ կինն ավելի թանկ արժե, քան օտարերկրացին: «Օրինակ' Ուրֆայում սիրիացի կինն արժե 5 հազար թուրքական լիրա (1800 եվրո)», -թերթի հետ զրույցում հայտնել է Ուրֆայի կանանց իրավունքների կազմակերպության ղեկավար Հասրաթ Ուլութաշը' նշելով, որ եթե նախկինում բազմակնության դիմում էին հարուստ թուրք տղամարդիկ, ապա այժմ դա անում են անգամ շարքային տղամարդիկ: